Երևանի ընտրություններ՝ հնարավոր կեղծիքներ և անհամաչափություններ
18 September 2023 Աղասի Թավադյան
Քաղաքականություն Տվյալների վերլուծություն

Երևանի ընտրություններ՝ հնարավոր կեղծիքներ և անհամաչափություններ

Ընտրություններ Երևան Վիճակագրություն 4 րոպե

Երևանի ավագանու ընտրություններում ամփոփվել են բոլոր 475 ընտրատեղամասերից ստացած նախնական արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների, Երևանի ավագանի ընտրվելու անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ։

ՔՊ-ի օգտին քվեարկել է ընդամենը 75463 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 32.57 %, երկրորդ տեղում է «Ազգային առաջադիմությունը»՝ 18.89 % (43.765), երրորդ տեղում է «Մայր Հայաստանը»՝ 15.43 %, (35.739), «Հանրապետություն»՝ 11.32 % ձայն (26.236), հինգերորդը՝ «Հանրային ձայնն» է, որի օգտին քվեարկել է մասնակիցների 9.68 %-ը (22.431)։

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։

Կեղծիքի աստիճանի հետազոտություն

Ուսումնասիրենք ընտրություններում անհամաչափությունները և կեղծիքի հավանականության աստիճանը։

Ընդհանուր մեթոդաբանությունը հիմնված է մասնակիցների թվի և որոշակի թեկնածուի հավաքած ձայների տոկոսի հարաբերության վրա։ Տվյալները վերցվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, որոնք կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ Քվեարկության արդյունքներն ըստ տեղամասերի։ Հաշվարկների և գծապատկերների կոդը զետեղված են այս կայքէջում՝ github.com։ Այս նյութը նաև առկա է tvyal.com կայքէջում։ Ուսումնասիրությունը կատարելու համար հաշվարկվել է 2 հիմնական ցուցանիշ՝ քվեարկողների մեջ տվյալ կուսակցությանը տրված ձայների տոկոսը և քվեարկության մասնակիցների տոկոսը։ Եթե այս 2 ցուցանիշները չունեն կախվածություն, ապա ընտրությունները ամենայն հավանականությամբ ազատ ու առանց կեղծիքների են անցել։ Օրինակի համար՝ եթե որևէ ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 95 տոկոսը և որևէ կուսակցությանը ձայն տվել են նույնպես 95 տոկոսը, իսկ ընդհանուր բաշխվածության մեջ այս ցուցանիշները մոտ են 50 տոկոսի, ապա սա հարցեր է առաջացնում։

Աղյուսակում ներկայացված է շեմը հատած 5 թեկնածուների ձայների քանակը, տոկոսային կշիռը, ինչպես նաև կոռելացիան։ Վերջին սյունյակը քվեարկողների մեջ տվյալ կուսակցությանը տրված ձայների տոկոսի և քվեարկության մասնակիցների տոկոսի կոռելացիան է։

Աղյուսակ 1․ Շեմը հատած թեկնածուների ցուցանիշները

Թեկնածու ձայն տոկոս կորելացիա
1. Հանրային Ձայն Կուսակցություն 22 431 9.69% -0.184
2. Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցություն 75 463 32.60% -0.329
7. Ազգային Առաջընթաց Կուսակցություն 43 765 18.91% 0.016
9. Հանրապետություն Կուսակցություն 26 236 11.33% 0.118
14. Մայր Հայաստան Կուսակցությունների Դաշինք 35 739 15.44% 0.390

Այստեղ ամենամեծ շեղումը ունեն 2-րդ (ՔՊ) և 14-րդ (ՄՀԿԴ) թեկնածուները, որոնց կոռելացիաները համապատասխանաբար -0.329 և 0.390 են։

Դիտարկենք այս ցուցանիշները գծապատկերի միջոցով։

Գծապատկեր 1․ Շեմը հատած թեկնածուների բաշխվածությունները

2-րդ թեկնածուն գրանցել է բացասական կոռելացիա՝ -0.329։ Սա ցույց է տալիս, որ ինչքան ընտրատարածքում մասնակիցների տոկոսը մեծանում է, այնքան 2-րդ թեկնածուի ձայների տոկոսը նվազում է: Այսինքն այն ընտրատարածքներում, որտեղ ընտրողների տոկոսը ավելի մեծ է, այս թեկնածուն ավելի քիչ ձայներ է հավաքել։ Այսինքն 2-րդ թեկնածուի աջակցությունը նվազում է, ինչքան ընտրատարածքը ավելի ակտիվ է:

14-րդ թեկնածուն ունի հակառակ տենդենցը, այն գրանցել է դրական կոռելացիա՝ 0.390։ Սա ցույց է տալիս, որ ինչքան ընտրատարածքում մասնակիցների տոկոսը մեծանում է, այնքան այս թեկնածուի ձայների տոկոսը նույնպես հակված է աճել: Դա կարող է պայմանավորված լինել ընտրողների ավելի մեծ մասնակցությամբ այն շրջաններում, որտեղ այս կուսակցությունն ավելի մեծ աջակցություն ունի:

7-րդ թեկնածուի մոտ (ԱԱԿ) կոռելացիան ամենամոտն է 0-ի, որը նշանակում է, որ քվեարկողների և տվյալ թեկնածուին տրված ձայների հարաբերակցությունը համահունչ է և անկախ։

Նշենք, որ 0.4-ին մոտ բացարձակ կոռելացիաները դեռ չեն նշանակում, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել խարդախություններ։ Ընդհանուր բաշխվածությունները ունեն նորմալ տեսք, սիմետրիկ են և ունեն մի հստակ գագաթ, որը վկայում է այն մասին, որ լցոնումներ և խարդախություններ ամենայն հավանականությամբ չեն եղել։

Ընտրատարածքների ակտիվության գնահատական

Ակտիվ ընտրատարածքներում ՔՊ-ն հավաքել է 2% պակաս ձայն, իսկ պասիվ ընտրատարածքներում, հակառակը՝ 2.5% ավել ձայն։

Բոլոր ընտրատարածքներում ընտրություններին մասնակցել են իրավունք ունեցողների 28.4%։ Ակտիվ ընտրատարածքներում, որոնց քվեարկության մասնակիցների տոկոսը մեծ է միջինից, միջին մասնակցության տոկոսը եղել է 31.8%։ Պասիվ ընտրատարածքներում միջին մասնակցության տոկոսը եղել է 24.9%։

Ինչպես երևում է գծապատկերից, պասիվ ընտրատարածքներում 2-րդ թեկնածուն հավաքել է 35.07 տոկոս ձայն, ակտիվ ընտրատարածքներում՝ 30.75 տոկոս ձայն․ իսկ 14-րդ թեկնածուն, հակառակը՝ պասիվ ընտրատարածքներում 13.58 տոկոս ձայն, ակտիվ ընտրատարածքներում՝ 16.68 տոկոս ձայն։

English summary. Yerevan Elections: Investigating Fraud and Voter Disproportionality

The results revealed that five political forces had surpassed the necessary threshold, with the “Civil Contract” party leading the way with 32.57% of the vote. However, the overall voter turnout was only 28.46%, suggesting a significant portion of the electorate did not participate in the elections. To investigate potential fraud and voter disproportionality, the study employed a methodology that examined the relationship between the percentage of voters in each party and the percentage of votes they received.

The analysis revealed notable correlations for some candidates. Candidate 2 (Civil Contract) exhibited a negative correlation of -0.329, indicating that as the number of voters increased, their support decreased. Conversely, Candidate 14 (Mother Armenia Alliance) had a positive correlation of 0.390, suggesting that as the number of participants increased, so did their percentage of votes. However, the overall distribution of votes appeared normal and symmetrical, with distinct peaks, indicating that no significant irregularities or fraud had occurred. In conclusion, while correlations were observed, they did not necessarily point to election rigging, and the study found no strong evidence of electoral manipulation.

Հղում

Թավադյան, Ա. (2023, September 18). Երևանի ընտրություններ՝ հնարավոր կեղծիքներ և անհամաչափություններ. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2023/2023-09-18/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

    • Կեղծիքի աստիճանի հետազոտություն
  • Ընտրատարածքների ակտիվության գնահատական
  • English summary. Yerevan Elections: Investigating Fraud and Voter Disproportionality

Նույն թեմայով

Թավշյա իրարանցում և կազմակերպական փոփոխություն Oct 2024
Երևանը Մոսկվայից ավելի թանկ է Jan 2024

Loading…