English Summary
Արդեն 3-րդ ամիսն է, ինչ ես Ձեզ ներկայացնում եմ այս տնտեսական վերլուծությունները։ Արդեն մոտ 1600 էլեկտրոնային փոսթ ստանում են շաբաթական այս վերլուծությունները։
Այս շաբաթ կորցրեցինք մեր ինքնության, արժանապատվության մի կարևոր հատված։
Ես երկար եմ մտածել, ինչ վիճակագրական վերլուծություն կարելի է իրականացնել, որը արդիական կարող է լինել։ Հանգեցի նրան, որ ինձ պետք է Ձեր օգնությունը՝ արժեք ստեղծելու համար։
Այս պահին արդիական է իրականացնել Հայաստանի մեդիադաշտի լայնածավալ վերլուծություն։ Սա իր մեջ նաև կներառի սենտիմենտալ վերլուծություն, այսինքն հնարավորություն կստանանք տեսնել, թե խոշոր ԶԼՄ-ները ժամանակի ընթացքում ինչքան դրական կամ բացասական են վերաբերվել որոշ օրհասական բաներին։ Կկարողանանք տեսնել, թե ժամանակի ընթացքում ինչպես են նրանք ազդում մեր հասարակության վրա։
Մտադրություն կա ուսումնասիրել 3 տիպի ԶԼՄ՝
- ներկա կառավարությանը սատարող ԶԼՄ-ներ (օրինակ՝ armtimes.com),
- ներկա կառավարությանը դեմ ԶԼՄ-ներ (օրինակ՝ 168.am),
- և հնարավորինս անաչառ ԶԼՄ-ներ
Այս վերլուծությունը թույլ կտա տեսնել, թե ժամանակի ընթացքում այս ԶԼՄ-ները որոշակի կարևոր բառերի հանդեպ համեմատաբար ինչքան բացասական կամ դրական են վերաբերվել։ Այդ բառերի մեջ կարող են լինել “Արցախ”, “Հայաստան” և այլ բառեր (օրինակ՝ “Ռուսաստան”, “Ադրբեջան”, “Նիկոլ”, “Ֆրանսիա”, “ԱՄՆ”)։
Այս վերլուծության հիմքը դրված է դեռևս 2022թ․ սկզբին, երբ 2010 թվականից մինչև 2022 թվականը ներբեռնվել և ուսումնասիրվել են Արմենպրեսի կողմից հրապարակված նյութերը։ Արդյունքը կարելի է տեսնել մեր կողմից մշակված այս կայքէջում: Այս կայքը թույլ է տալիս հաշվել նորությունների վերնագրերում կիրառվող որոշակի բառերի քանակը և դրանց կիրառության այլ չափանիշները: Կարող եք ընտրել մեկ կամ մի քանի բառ հաշվարկի համար, ինչպես նաև ժամանակահատվածը և վերլուծության եղանակը:
Հետազոտությունն իրականացվել է «Արմենպրես» լրատվական գործակալության կայքի նյութերի հիման վրա: Ստեղծվել է ծրագիր, որը 2010թ. սկսած բեռնել է այս կայքի բոլոր ինտերնետային հղումները, որոնց քանակը գերազանցել է կես միլիոնը (19Gb տեքստային տվյալներ): Այնուհետև լուրերի հղումները մաքրվել են և ստեղծվել է տվյալների բազա, որը իր մեջ ներառում է լուրի տեղադրման ամսաթիվը, վայրը, հղումը, վերնագրի տեքստը և հոդվածի տեքստը: Ստացված տվյալների վրա կատարվել է հետազոտություն և ստեղծվել է այս ինտերակտիվ կայքը:
Վերլուծությունը շարունակելու համար պետք է Ձեր ֆինանսական և մտավոր աջակցությունը։ Խնդիրներից մեկը Հայոց լեզվի նորմալացման հարցն է, այսինքն՝ յուրաքանչյուր բառ սկզբնական ձևի բերելը։ Սա պահանջում է հայերենի տրամաբանության լավ իմացություն։ Մյուսն այն է, որ յուրաքանչյուր ԶԼՄ կայքէջ ունի իր տրամաբանությունը և դրա հետ աշխատելու բարդությունները։