ՌԴ հիմնական տոկոսադրույքի բարձրացում
2 October 2023 Աղասի Թավադյան
Տնտեսություն Ռուսաստան

ՌԴ հիմնական տոկոսադրույքի բարձրացում

Գնաճ Ռուբլի Տոկոսադրույք 4 րոպե

Այսօր կլուսաբանեմ Ռուսաստանի տնտեսությունը, ինչը հուսով եմ նաև կօգնի ընկալել մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին 2 շաբաթների իրադարձությունները։

ՌԴ հիմնական տոկոսադրույքի բարձրացում

Վերջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանի Կենտրոնական բանկը կայացրել է երեք արտահերթ նիստ, որոնց ընթացքում որոշվել է բարձրացնել ՌԴ ԿԲ հիմնական տոկոսադրույքը՝ 7,5%-ից հասցնելով 13%-ի։ Տոկոսադրույքների այս բարձրացումը զգալի է Ռուսաստանի տնտեսության համար և պաշտոնապես ուղղված է գնաճի դեմ պայքարին: Այնուամենայնիվ, այս պահին գնաճի տեմպերը համեմատելի են խոշոր տնտեսությունների գնաճի հետ (բացի Թուրքիայից և Արգենտինայից, որտեղ առկա են առանձին տնտեսական խնդիրներ)

Գծապատկեր 1 ՌԴ ԿԲ հիմնական տոկոսադրույքը

Գնաճի դինամիկա

Ռուսաստանում գնաճը Ուկրաինա ներխուժումից հետո 2022 թվականի փետրվարին հասել էր 18%-ի: Տոկոսադրույքի հետագա բարձրացումը մինչև 20% օգնեց զսպել գնաճը սկզբնական շրջանում: Այնուամենայնիվ, որոշակի հարցեր է առաջացնում այն, որ մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանում գրանցվել է գնաճի աննախադեպ անկում՝ մեկ ամսում 11%-ից իջնելով 3,5%-ի: Սա նաև հուշում է նրա մասին, որ ՌԴ գնաճի վրա ավելի շատ ոչ մոնետար ուժեր են ազդում:

Գծապատկեր 2 ՌԴ գնաճը վերջին 12 ամսիներին

Ռուսական ռուբլու տատանումներ

Ռուսական ռուբլին վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար արժեզրկվում է, և այն այժմ մեկ ԱՄՆ դոլարի փոխարեն վաճառվում է մոտ 99 ռուբլով, այնինչ 2022 թվականի հունիսին 1 դոլարը արժեր մոտ 60 ռուբլի։ Վերջին շրջանում ռուբլու արժեզրկումը դադարեցվել է հիմնական տոկոսադրույքի բարձրացումով։ Ամենակտրուկ բարձրացումը 3.5 տոկոսային կետով (8.5-ից 12 տոկոս) գրանցվել է օգոստոսի 15-ին հրավիրված արտահերթ նիստում։ Այդ օրը Ռուսական ռուբլին առաջին անգամ Ռուս-Ուկրաինական պատերազմի սկզբից հատեց 100 ռուբլի 1 դոլարի համար սահմանը, որից հետո հրավիրվեց արտահերթ նիստ։ Այս միջոցառումը ժամանակավորապես կանխեց ռուբլու հետագա արժեզրկումը։ Ըստ էության, տոկոսադրույքների բարձրացումը ռուբլու անկման կանխարգելման և ամրացման փորձ է, այլ ոչ թե գնաճի զսպման միջոցառում։ Քանի որ ռուբլին շարունակում է արժեզրկվել և նորից ուզում է հատել 100 ռուբլի մեկ դոլարի համար հոգեբանական սահմանը, կարելի է ակնկալել, որ մոտակա օրերին Ռուսաստանի ԿԲ կրկին կբարձրացնի հիմնական տոկոսադրույքը։

Գծապատկեր 3 ԱՄՆ դոլար և ՌԴ Ռուբլու փոխարժեքը

Գծապատկեր 4 Ռուսաստանի նավթամթերքից և բնական գազից ստացված արտահանման եկամուտը

Առևտրային և ընթացիկ հաշիվ

Ռուսաստանի առևտրային հաշվեկշիռը զգալիորեն վատթարացել է վերջին շրջանում, և ներկայումս այն գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա՝ COVID-19 համաճարակից ի վեր: Այս անկմանը նպաստում են պատժամիջոցներն ու արտահանման կրճատումը։ Սա իր հերթին ճնշում է Ռուսաստանի ընթացիկ հաշվի վրա, որը վերջին 12 ամիսների ընթացքում նվազում է։ Նշեմ, որ հիմնականում Ռուսաստանը իր դրական հաշվեկշիռը պատմականորեն ապահովել է նավթամթերքի և բնական գազի արտահանմամբ, ինչը վերջին ամիսներին զգալիորեն կրճատվել է։

Գծապատկեր 5 Ռուսաստանի ապրանքային հաշվեկշիռը

Գծապատկեր 6 Ռուսաստանի ընթացիկ հաշվեկշիռը

Բենզինի և դիզելի արտահանման անժամկետ դադարեցում

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի Դաշնությունը անժամկետ արգելք է դրել նավթամթերքի արտահանման վրա։ Սա չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա, որոնց մեջ է Հայաստանը։ Այս քայլը որոշակի հարցեր է առաջացնում, քանզի այս պահին առկա է վատթարացող առևտրային հաշվեկշիռ և Ռուսաստանին անհրաժեշտ է արտահանումը մեծացնել՝ ընթացիկ հաշվեկշռի դրական սալդոն ապահովելու համար։ Իսկ Նավթամթերքը, որի մեջ մտնում են բենզինը և դիզելային վառելիքը, ունի ավելի մեծ ավելացված արժեք համեմատած հում նավթի։ Նշեմ, որ այս արգելքը չի տարածվում հում նավթի վրա, իսկ հում նավթի պահանջարկը Չինաստանում և Հնդկաստանում ավելի մեծ է։ Խնդիրը նրանում է, որ ՌԴ ներքին բենզինի գները վերջին շրջանում շարունակաբար աճում էին և առկա է հստակ նպատակ է կայունացնել վառելիքի ներքին շուկան։ Այս պահին Ռուսաստանում բերքահավաքի սեզոն է և հացահատիկի բերքահավաքի համար վառելիք չի հերիքում։ Սա պայմանավորված է նաև ռուբլու փոխարժեքի արժեզրկմամբ: Փաստացի ավելի ձեռք է տալիս արտահանել բենզինը, քան այն պահել ներքին շուկայում, որտեղ այն ունի ռուբլուն կցված կայուն գին։ Ռուսաստանին սպառնում է վառելիքի արտահանումից եկամտի կորուստ, ինչը էականորեն ազդում է տնտեսության վրա։ Այս զարգացումը բարդ մարտահրավեր է Ռուսաստանի համար, քանի որ նա ձգտում է կայունացնել իր ներքին շուկան՝ միաժամանակ գործ ունենալով արտահանման կրճատված ֆինանսական հետևանքների հետ՝ ազդելով իր տնտեսության և նավթավերամշակման գործարանների վրա:

Եզրակացություն

Վերջին 18 ամիսների ընթացքում Ռուսաստանը հակամարտության մեջ է Ուկրաինայի հետ։ Բավականին մեծ քանակությամբ սանկցիաներ են այս պահին գործում ՌԴ տնտեսության վրա։ Սա բավականին թուլացրել է Ռուսաստանի տնտեսությունը։ Ռուսաստանը տնտեսական աճի և ընթացիկ հաշվեկշռի վերականգնման զգալի խնդիր ունի։

Ինչքան ուժեղ է տնտեսությունը, այնքան ուժեղ է պետությունը։ Վերջին ամիսների ընթացքում ՌԴ տնտեսությունը ցույց է տալիս որոշակի խնդիրներ, ինչը կարող է նաև հանդիսանալ տարածաշրջանի անկայունության պատճառներից մեկը։

Հղում

Թավադյան, Ա. (2023, October 2). ՌԴ հիմնական տոկոսադրույքի բարձրացում. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2023/2023-10-02/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

    • ՌԴ հիմնական տոկոսադրույքի բարձրացում
    • Գնաճի դինամիկա
    • Ռուսական ռուբլու տատանումներ
    • Առևտրային և ընթացիկ հաշիվ
    • Բենզինի և դիզելի արտահանման անժամկետ դադարեցում
    • Եզրակացություն

Նույն թեմայով

Տրանսպորտի թանկացում․ Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումները և մատչելիության սահմանները Jan 2025
Տնային տնտեսությունների եկամուտները աճել են 2023թ․ Jan 2025
Անհուսալի վարկառուների աջակցության ծրագիր. պոպուլիստական քայլ, թե՞ տնտեսական անհրաժեշտություն Dec 2024
Վարկի տակ․ Վարկավորման միտումները ըստ ճյուղերի Jun 2024
Տնային տնտեսությունները աղքատացել են 2022 թվականին Jan 2024
Ռուսաստանի Դաշնության բյուջեի կատարումը Oct 2023

Loading…