Դոլարայնացման և մոնետիզացիայի մակարդակը Հայաստանում
30 October 2023 Աղասի Թավադյան
Տնտեսություն Ֆինանսներ

Դոլարայնացման և մոնետիզացիայի մակարդակը Հայաստանում

Դոլարայնացում Դրամայնացում Հայաստան 3 րոպե
Ես ձեզ պիտի խոստովանեմ, ինձ ավելի հեշտ է գծապատկերներ գծել,
տվյալները հետազոտել, համեմատաբար բարդ մեքենայական ուսուցման
մոդելներ կառոցել և կոդ գրել քան տեքստ գրել։
Տեքստ գրելը բարդ է։
Այս պահին ես գտնվում եմ տրանզիտով օտարերկրյա օդանավակայանում և սպասում եմ հաջորդ թռիչքիս։
Այսօրվա տեքստը քիչ է լինելու, բայց հուսով եմ ձեզ համար օգտակար կլինեն գծապատկերները։

-Աղասի

Ընդհանուր առմամբ դոլարայնացման մակարդակը տարբեր եղանակներով փորձում է գնահատել, թե տնտեսությունում գտնվող փողի որ տոկոսն է կազմում արտարժույթ։ Ինչքան այս ցուցանիշը բարձր է, այնքան ավելի ցածր է հավատը տնտեսության և բանկային համակարգի նկատմամբ։

Առաջին գծապատկերը ցույց է տալիս Հայաստանում դոլարայնացման մակարդակը։ Գծապատկերում ավելի խոսուն է D2 ցուցանիշը, որը ռեզիդենտների արտարժութային ավանդների և վարկերի հարաբերակցությունն է ռեզիդենտների ընդհանուր ավանդների և վարկերի։ Որքան փոքր է այս ցուցանիշը, այնքան մեծ է հավատը Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ։ Ըստ այդ ցուցանիշի՝ 2023 թվականի սեպտեմբերին դոլարայնացման մակարդակը կազմում է 41 տոկոս։ Այս ցուցանիշը սկսել է նվազել 2016 թվականից՝ 2010 թվականից մինչ այդ ցուցանիշը 60 տոկոսից բարձր էր։

Գծապատկեր 1. Դոլարայնացման մակարդակը Հայաստանում ըստ փողի զանգվածի

Երկրորդ գծապատկերում ներկայացված է դոլարայնացման մակարդակն ըստ ցպահանջ ավանդների և արտարժույթով վարկերի։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ արտարժույթով ավանդների ծավալը (D4) և արտարժույթով վարկերի ծավալը (D5) մինչև 2022 թվականի մարտ ամիսը գրեթե նույն դինամիկան է ունեցել և շարժվել է նույն ուղղությամբ։ 2022 թվականի ապրիլից այս ցուցանիշներն ունեցել են հակառակ միտումներ։ Կտրուկ կրճատվել են արտարժույթով ավանդները, ավելացել է արտարժույթով վարկերի տոկոսը։ Դա պայմանավորված էր 2022 թվականին Հայաստան արտարժույթի բավականին զգալի ներհոսքով (ավելին՝ Tvyal Newsletter. Միջազգային դրամական փոխանցումների վերլուծություն): 2022 թվականին մեծ քանակությամբ արտարժույթի ներհոսքը ամրապնդեց դրամը, ինչի արդյունքում ավելացավ դրամով վերցված վարկերի և արտարժույթով ներդրված ավանդների տոկոսը, քանի որ համակարգում դոլարի չափը մեծ էր, և շատերը նախընտրեցին ավանդադրել այն։

Գծապատկեր 2. Դոլարայնացման մակարդակը Հայաստանում ըստ արտարժույթով ցպահանջ ավանդների և վարկերի

Երրորդ գծապատկերը ցույց է տալիս ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների հարաբերությունը ՀՆԱ-ին։ ՀՀ դրամով ավանդների մեջ են մտնում ցպահանջ և ժամկետային ավանդները։ Տվյալները հարաբերած են ՀՆԱ-ի 12-ամսյա գումարային ցուցանիշին, որպեսզի փոփոխության դինամիկան ավելի հստակ երևա։ 2019 թվականի երկրորդ կեսից դրամային ավանդների կշիռը սկսեց գերազանցել դոլարային ավանդների կշռին։ 2018 թվականից դոլարային ավանդների կշիռը սկսեց ընկնել։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ ընդհանուր դրամական ավանդները կազմում են մոտ 2.4 տրլն դրամ կամ ՀՆԱ-ի 26 տոկոսը, իսկ դոլարային ավանդները՝ մոտ 1.7 տրիլիոն դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը։

Գծապատկեր 3. ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների հարաբերությունը ՀՆԱ-ին

Գծապատկեր 4-ում ներկայացված է դրամայնացման կամ մոնետիզացիայի մակարդակը Հայաստանում, որը փողի զանգվածի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն է։ Տնտեսության դրամայնացումը ազգային տնտեսության չափիչ է, որն արտացոլում է նրա հագեցվածությունը իրացվելի ակտիվներով։ Դրամայնացման մակարդակը որոշվում է ինչպես ազգային ֆինանսական համակարգի, այնպես էլ ողջ տնտեսության զարգացմամբ։ Տնտեսության դրամայնացումը պայմանավորում է նաև կապիտալի շարժի ազատությունը։ Այստեղ հիմնական ցուցանիշը M2 դրամայնացումն է, որը ներկայումս կազմում է 33 տոկոս։ Ընդհանուր ՀՆԱ-ն հակված է փոփոխության գծային ձևով, մինչդեռ փողի զանգվածը կարող է փոխվել էքսպոնենցիալ։ Դրա շնորհիվ դրամայնացման մակարդակը վկայում է տնտեսական զարգացման մասին։ Բոլոր զարգացած տնտեսություններում այս ցուցանիշը կազմում է ավելի քան 60 տոկոս։

Գծապատկեր 4. Մոնետիզացիայի մակարդակը Հայաստանում

ԶԼՄ հաղորդակցություններ

Այս շաբաթ հարցազրույց եմ տվել hetq.am-ին Հայաստանից ավտոմեքենաների բումի և տրենդի մարման մասին։

Հարցազրույցը կտա հետևյալ հարցերի պատասխանները․

հատված նյութից՝

«Ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ մյուս ապրանքների վերաարտահանումը
Հայաստանի տնտեսության վրա կարճաժամկետ դրական ազդեցություն է թողնում։
Դրանք, եթե ավելի պարզ ասենք, վերավաճառքներ են, որոնց ընթացքում արտահանողները
եկամուտ ու շահույթ են ստանում։ Հիմա Ռուսաստանը «սոված» շուկա է և արագորեն
կլանում է Հայաստանից վերաարտահանվող ապրանքները։ Բայց եթե մի օր արգելքները
հանվեն Ռուսաստանի վրայից, հայկական կողմի վերաարտահանողները միանգամից կտուժեն,
կտուժի նաև ամբողջ հայկական տնտեսությունը։ Սակայն, եթե միայն ավտոմեքենաները
դիտարկենք, գուցե ազդեցությունը այդքան մեծ չլինի»:

Ավելին՝ կարդացեք նյութը

Հղում

Թավադյան, Ա. (2023, October 30). Դոլարայնացման և մոնետիզացիայի մակարդակը Հայաստանում. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2023/2023-10-30/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Նույն թեմայով

Ռուսական ռուբլին ամրանալու է։ Արտարժույթի հնարավոր հոսքը Ռուսաստանից Հայաստան Oct 2023
Ռուսական փողերը հետ են գնում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը Feb 2025
Կապիտալի ներհոսքից մինչև արտահոսք. Հայաստանի տնտեսական հրաշքի ներքին խոհանոցը Sep 2024
Կապիտալի արտահոսք Mar 2024
Ժողովրդագրական ճգնաժամ․ 2100 թվականին Հայաստանում 2 միլիոն հայ Nov 2024
էլեկտրիկ Հայաստան․ Ցանցի խոցելիությունից մինչև արևային հեռանկարներ Sep 2024

Loading…