Բենզինի գնի թանկացման պատճառները
20 November 2023 Աղասի Թավադյան
Տնտեսություն Էներգետիկա

Բենզինի գնի թանկացման պատճառները

Բենզին Գներ Վառելիք 5 րոպե

Այս շաբաթվա հետազոտությունն անելու համար օգտվել ենք հետևյալ աղբյուրներից.

  • Բենզինի և դիզելային վառելիքի գնի օրական տվյալներ՝ ձևավորված 1in.am Յութուբյան ալիքի տեսանյութերի նկարներից
  • Վառելիքի թանկացման ամսական տվյալների բազան՝ ըստ ՍԳԻ-ի՝ սկսած 2017թ․
  • վառելիքի ներմուծման ամսական տվյալների բազան՝ ըստ 6-նիշ արտաքին տնտեսական գործունեության ծածկագրերի և պետությունների

Բոլոր տվյալների բազաները և գծապատկերների կոդը առկա են իմ Github-ում


Նախ ուսումնասիրենք բենզինի գինը տարածաշրջանի այն երկրներում, որոնք հիմնականում համարվում են նավթամթերք ներմուծող պետություններ։ Նշեմ, որ Հայաստանում՝ համեմատած մեր հարևանների և ԵԱՏՄ երկրների, բենզինի գինը ամենաբարձրն է։ Սակայն սրա պատճառները հիմնականում տրանսպորտային ծախսերն են և այն հանգամանքը, որ Հայաստանը նավթամթերք արտադրող պետություն չէ։ ՀՀ դրամով հաշվարկված այս պահին Վրաստանում բենզինի գինը կազմում է մոտ 500 դրամ։

Գծապատկեր 1. Բենզինի միջին գինը Հայաստանում և տարածաշրջանի բենզին ներմուծող այլ պետություններում

Գծապատկեր 2-ում ներկայացված է բենզինի ընդհանուր քանակության ներմուծումը միլիոն կիլոգրամով։ Ինչպես երևում է գծապատկերից, նավթամթերքի ներմուծման ծավալները 2010-ից 2019թ. սկիզբը եղել են գրեթե անփոփոխ։ 2019 թվականից սկսած՝ գրանցվել է նավթամթերքի ներմուծման շարունակական և կայուն աճ։ 2017թ. ներմուծվել է համապատասխանաբար 200 և 140 մլն կիլոգրամ դիզվառելիք և բենզին, իսկ 2022թ. արդեն 300 և 225 հազար կիլոգրամ։ Ընդհանուր նավթամթերքի ներկրումը վերջին 5 տարիների ընթացքում աճել է 1.5 անգամ։ Նավթամթերքը էներգիայի կարևոր աղբյուր է, որն ապահովում է տրանսպորտային և արդյունաբերական գործունեությունը։ Երբ երկիրն ավելի շատ բենզին է ներկրում, դա ընդհանուր առմամբ նշանակում է, որ էներգիայի ներքին պահանջարկը մեծանում է։ Սա կարող է լինել աճող տնտեսության ցուցանիշ, որը վկայում է սպառողական ծախսերի, ձեռնարկատիրական գործունեության և արդյունաբերական արտադրության աճի վերաբերյալ։

Գծապատկեր 2. Բենզինի և դիզվառելիքի Հայաստան ներմուծման տարեկան ծավալները

Գծապատկեր 3-ում ներկայացված է բենզինի գնի փոփոխությունը՝ ըստ 1in.am լրատվամիջոցի օրական հրապարակումների։ Այս տվյալները ստացվել են՝ քերելով 1in.am Յութուբյան ալիքի բենզինի գների վերաբերյալ տեսանյութերի նկարները (thumbnails)։ Ինչպես երևում է գծապատկերից, բենզինի գինը մինչև 2023 թվականին գրանցված աճը, ամենաբարձրն է եղել 2022 թվականի ապրիլին, երբ 1 լիտր պրեմիում դասի բենզինը արժեր 540 դրամ։ 2022թ. վերջին պրեմիում դասի բենզինի գինը նվազեց մինչև 350 դրամ 1 լիտրի համար, որը գրանցվել էր 2023 թվականի փետրվարին։ 2023 թվականին շարունակաբար գրանցվեց վառելիքի գնի բարձրացում։ Թե ինչո՞վ էր պայմանավորված այդ բարձրացումը, կքննարկենք հաջորդիվ։

Գծապատկեր 3. Բենզինի և դիզելային վառելիքի գինը Հայաստանում (ՀՀ դրամ)

Հաջորդ գծապատկերում տրված է հեղուկ գազի լիտրի գինը ներքին շուկայում։

Գծապատկեր 4. Հեղուկ գազի գինը Հայաստանում (ՀՀ դրամ)

Ստորև ներկայացված է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման գինը։ Այն հաշվարկվել է՝ բաժանելով տվյալ ամսվա ներմուծման արժեքային և բնեղեն տվյալները, որից ստացվել է բենզինի կիլոգրամի ներմուծման արժեքը ԱՄՆ դոլարով։ Ստացված ցուցանիշը բաժանվել է բենզինի և դիզելի խտության վրա և բազմապատկվել տվյալ ամսվա միջին ԱՄՆ դոլար-դրամ փոխարժեքով։ Իհարկե, ստացված ցուցանիշը ունի որոշակի ճշգրտության խնդիր, քանի որ նավթամթերքի խտությունը ըստ ջերմաստիճանի կարող է փոխվել, ինչպես նաև պետք է հաշվի առնել դոլարի վաճառքի գինը ներքին շուկայում։ Սակայն այս ցուցանիշի դինամիկան հստակ պատկերացում կարող է տալ, թե ինչքանով է տարբերվում նավթամթերքի գինը սահմանին, որը ձեռք են բերում մեր տնտեսվարողները, և բենզինի գինը ներքին շուկայում։

Գծապատկեր 5. Բենզինի և դիզվառելիքի ներմուծման գինը

Դիտարկենք նաև նավթամթերքի ներմուծումը՝ ըստ պետությունների։ Դիզելային վառելիքի 76 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից, 10.2 տոկոսը՝ Իրանից։ Հետաքրքիրն այն է, որ ճիշտ է Իրանի ներքին շուկայում բենզինի լիտրը շատ ցածր գին ունի, այն Հայաստան ներմուծվում է գրեթե նույն գնով, ինչ Ռուսաստանից։ Սա կարող է քաղաքական պատճառներ ունենալ, քանի որ Ռուսաստանից եկող նավթամթերքի գինը թանկ է, քանի որ բարձր են տրանսպորտային ծախսերը, իսկ Իրանի հետ մենք ունենք ուղիղ սահման։

Գծապատկեր 6. Բենզինի և դիզվառելիքի ներմուծման ծավալները՝ ըստ ծագման երկրի

Վերջին գծապատկերում ներկայացված է բենզինի ներմուծման գնի և շուկայական գնի դինամիկան դիզելային վառելիքի և բենզինի համար։ Ինչպես երևում է, ներմուծման գինը և շուկայական գինը ունեն կախվածության մեծ աստիճան։ Այսինքն՝ Հայաստանի ներքին շուկան բավականին մրցունակ է և չի կարող թելադրել ներքին գինը։ Այն գինը, ինչ սահմանին տնտեսվարողը գնում է նավթամթերքը, համեմատելի է այն գնին, ինչ վճարում է սովորական քաղաքացին։

Այստեղ ներքին շուկայի գինը հաշվարկվել է ըստ սպառողական գների ինդեքսի տվյալների բազայի, որը բազմապատկվել է 2023թ․ հոկտեմբերի վերջին գրանցված ներքին շուկայի նավթամթերքի գներով։ Գծապատկերում ներկայացված երկու ցուցանիշն էլ՝ գինը սահմանին և ներքին շուկայում, ունեն սխալի աստիճան։ Սա է պատճառը, որ որոշ դեպքերում բենզինի գինը ներքին շուկայում ավելի ցածր է, քան սահմանին։ Անկախ դրանից՝ գծապատկերը հստակ ցույց է տալիս, որ նավթամթերքի գինը սահմանին ձևավորում է գինը ներքին շուկայում։

Շուկան մրցունակ է և արագ արձագանքում է սահմանին բենզինի գների փոփոխությանը։ Բենզինի գինը կարգավորելու և այն իջեցնելու համար առաջին հերթին այն պիտի կարգավորվի սահմանին։ Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայում և ըստ ԵԱՏՄ համաձայնագրի՝ պետք է գործի ընդհանուր էներգառեսուրսների շուկա։ Բենզինի գնի համեմատաբար բարձր լինելը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային ծախսերով։ Հնարավոր է բենզինի ներմուծումը դիվերսիֆիկացնել և այն ներմուծել Իրանից, որտեղից տրանսպորտային ծախսերը ավելի քիչ կլինեն, սակայն սա արդեն քաղաքատնտեսական և ներքին ենթակառուցվածքների ձևավորման հարց է։

Գծապատկեր 7. Նավթամթերքի ներմուծման և շուկայական գնի տարբերությունը

ԶԼՄ հաղորդագրություններ

Factor.tv լրատվամիջոցով խոսել եմ նրա մասին, թե ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստանը Հայաստանի տնտեսության վրա։ Հարցազրույցը ռուսերենով է։

Panorama լրատվամիջոցին տվել եմ հարցազրույց բենզինի գնի մասին, թե ինչպես է այն ձևավորվում մեր շուկայում։

Եթե ձեզ հետաքրքիր է լսել իմ մեկնաբանությունները և տեսնել, թե ոնց եմ ես կատարում իմ հետազոտությունները, կարող եք մասնակցել իմ սթրիմին։

Ես նպատակադրված եմ այն ամենը, ինչ անում եմ, ներկայացնել և բացատրել սթրիմի կամ վլոգի ձևաչափով։ Սա նախնական և փորձնական է լինելու, որը հույսով եմ՝ շարունակական կլինի։

English Summary

Exploring Gasoline Prices – What’s Behind the Recent Spike?

This week’s newsletter delves into the factors influencing the recent surge in gasoline prices in Armenia. It analyzes various data sources, including daily petrol and diesel price data, monthly fuel price databases, and fuel import statistics. Highlighting Armenia’s position as a significant gasoline-importing country, the analysis explores the impact of transportation costs and Armenia’s non-oil-producing status on fuel prices. It notes the steady increase in petroleum product imports since 2019 and discusses the correlation between gasoline prices, import volumes, and domestic demand for energy. The newsletter emphasizes the competitive nature of Armenia’s domestic oil market and suggests that regulating prices at the border is crucial for effectively managing and lowering gasoline prices in the country. The potential to diversify gasoline imports from Iran as a means of reducing transportation costs is also explored as a possible solution. The comprehensive data visualizations accompanying the analysis provide a detailed overview of the key trends and dynamics driving gasoline prices in Armenia.

Հղում

Թավադյան, Ա. (2023, November 20). Բենզինի գնի թանկացման պատճառները. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2023/2023-11-20/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

  • ԶԼՄ հաղորդագրություններ
  • English Summary

Նույն թեմայով

Բենզինի գինը թա՞փ է հավաքում Dec 2024
Բենզինի գինը թա՞փ է հավաքում Mar 2024
Բենզինի գնը իջնելու է մինչև 400 Nov 2023
Տրանսպորտի թանկացում․ Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումները և մատչելիության սահմանները Jan 2025
Դատարկ գրպաններ, բարձր աշխատավարձր Aug 2024
Անշարժ գույքի գների 13.5% աճ, գործարքների 40.9% անկում* Feb 2024

Loading…