Տնային տնտեսությունները աղքատացել են 2022 թվականին
7 January 2024 Աղասի Թավադյան
Տնտեսություն Հայաստան

Տնային տնտեսությունները աղքատացել են 2022 թվականին

Տնային տնտեսությունների եկամուտներ Աղքատություն Գնաճ 5 րոպե

2022-ին գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4 972 դոլարից մինչև 7 018 դոլար, այսինքն 41 տոկոսով, սակայն ժողովրդի իրական եկամուտները ընկել են։

2021-ին տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 320 հազար դրամ։ Բնակչության ամենաաղքատ 10%-ի վերին շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ 2021 թվականին, իսկ 2022-ին՝ արդեն 88 հազար դրամ:

Առաջին գծապատկերում տողերը ներկայացնում են մարզերը, իսկ սյուները հասարակության խավերը (անապահով խավ, միջին խավ և հարուստներ)։ Եթե գիծը կարմիր է, ապա նախորդ տարվա համեմատ եկամուտները պակասել են, եթե կապույտ է, ապա՝ աճել։

Գծապատկեր 1. Տնային տնտեսությունների համախառն եկամուտների փոփոխությունը ըստ մարզերի

Տնային տնտեսությունների եկամուտները 2022 թվականին պակասել են բոլոր մարզերում բացի Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից։

Երևանում և Արագածոտնում 2022 թվականին հարուստները ավելի են հարստացել, իսկ աղքատները ավելի են աղքատացել։

Մնացած մարզերում, ինչպես նաև ամբողջ Հայաստանի համար, բոլոր խավերի եկամուտները համեմատած 2021 թվականի հետ պակասել են։

Դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը 2018 թվականից սկսած։ Ինչպես երևում է գնաճով ճշգրտված եկամուտները Հայաստանի համար ամենաբարձր կետում էին 2020 թվականին, միջին վիճակագրական ընտանիքը ստանում էր ամսական 278 հազար դրամ (2022 տարեվերջի գներով): Երկու տարվա ընթացքում միջին ընտանիքի եկամուտը ընկել է 15 հազար դրամով՝ մինչև 263 հազար դրամ։ Երևանում միջին ընտանիքի եկամտաբերությունը չի փոխվել այս 2 տարիների ընթացքում, այն հիմնականում ընկել է մարզերում։ Նշված 2 տարիների ընթացքում եկամուտի աճ են գրանցել Երևանի հարուստ խավի ներկայացուցիչները (9-րդ դեցիլ), որոնց ընտանեկան իրական եկամուտի շեմը բարձրացել է 629 հազարից 2022 թվականին մինչև 671 հազար դրամ։

Գծապատկեր 2. Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը 2018-ից 2022 թվականներին

Հաջորդ գծապատկերը համեմատում է գնաճով ճշգրտված տնային տնտեսությունների տարեկան եկամուտները 2005 թվականից սկսած։ Եկամուտները բաժանվել են աճողական զամբյուղների։

Գծապատկեր 3. Որքա՞ն է Հայաստանի ընտանիքների ամսական եկամուտը

Ինչպես երևում է գծապատկերից մինչև 128 հազար դրամ ստացողները 3.5 տոկոսային կետով աճել են համեմատած 2021-ի։ 128-256 հազար դրամ ստացողների թիվը կրճատվել է 1.9 տոկոսային կետով։

Տվյալները առկա են 2005 թվականից։ Գծապատկերից նաև երևում է, որ 2005 թվականից տնային տնտեսությունների գնաճով ճշգրտված եկամուտները գրանցել են կայուն աճ։ Ըստ տվյալների տնային տնտեսությունների իրական եկամուտները ամենամեծ աճն են արձանագրել 2006 և 2007, ինչպես նաև 2019 թվականին։

Անվանական եկամուտների աճ գրանցվել է նաև 2021 և 2022 թվականներին, սակայն այդ տարիներին գրանցվել է համապատասխանաբար 7.2 և 8.6 տոկոս գնաճ, որը զգալի իջեցրել է իրական եկամուտները։ Սա նշանակում է, որ 2022 թվականի վերջին աշխատավարձերը դեռ չեն հասել գնաճի տեմպին և 2022 թվականին գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճը դեռ չի անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների կամ աշխատավարձերի աճի վրա։ Նշեմ, որ 2023 թվականի վերջին գրանցվել է գրեթե զրոյական գնաճ։ Զրոյական գնաճի տեսակետը ներկայացված է տեսանյութում։

Երրորդ գծապատկերում ներկայացված միտքը այլընտրանքային կերպով արտացոլում է նաև հաջորդ գծապատկերը։

Գծապատկեր 4. Որքա՞ն է Հայաստանի ընտանիքների ամսական եկամուտը, այլընտրանքային հայացք

Աղյուսակի տեսքով ներկայացնենք նաև տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը տարիների ընթացքում։

Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը հազար դրամ, եկամուտները ճշգրտվել են 2022 թվականի վերջի գներով և կշռվել

Տարի Ամենաաղքատ 10%-ի վերին շեմը (1-ին դեցիլ) Միջին ընտանիքի եկամուտ (median) Միջին եկամուտ (mean) Ամենահարուստ 10%-ի ստորին շեմը (9-րդ դեցիլ)
2005 43 130 157 292
2006 46 149 181 327
2007 51 175 209 389
2008 62 180 227 425
2009 69 203 236 447
2010 70 202 240 471
2011 74 202 241 450
2012 74 223 263 485
2013 71 211 250 472
2014 70 226 284 555
2015 72 225 283 548
2016 76 226 330 696
2017 79 250 311 585
2018 95 274 322 567
2019 103 316 365 642
2020 107 286 354 631
2021 107 291 344 633
2022 96 288 354 674

Տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազա (ըստ տնային տնտեսությունների) և Հայաստանի սպառողական գների ամսական ինդեքսը: Տնային տնտեսությունների կենսամակարդակի ցուցանիշները ճշգրտվել են ամսական կումուլատիվ գնաճով, այսինքն յուրաքանչյուր ցուցանիշ ներկայացնում է 2022 թվականի վերջի գներով արտահայտված արժեքը։

ԶԼՄ հաղորդագրություններ

Դիտեք իմ սիրելի գործընկեր Սոս Խաչիկյանի և իմ Ամանորյա հարցազրույցը, որտեղ ամփոփել ենք տարին և քննարկել թե ինչ է մեզ սպասում 2024 թվականին։

English Summary

2022- A Year of Declining Household Incomes in Armenia

In 2022, household incomes in Armenia witnessed a notable shift, with declines evident in most regions, except for Kotayk, Gegharkunik, and Tavush marzes. Within the capital city, Yerevan, and Aragatsotn, the affluent experienced a rise in income while the less privileged faced a further decrease. A broader analysis of income trends since 2018 reveals that Armenia reached its peak in 2020, with the average monthly household income standing at 278,000 AMD. However, by the end of 2022, this figure dropped by 15,000 drams to 263,000 AMD. Although the income for an average family in Yerevan remained unchanged over the two years, a decline was observed in other marzes. Notably, the top 10% of wealthy families in Yerevan saw an increase in real income from 629,000 to 671,000 drams during this period.

Examining the longer-term perspective, the second chart highlights the evolution of annual household incomes since 2005, categorized into ascending income brackets. Notably, the data reveals a 3.5 percentage point increase in recipients earning up to 128,000 AMD, while the 128,000-256,000 AMD bracket witnessed a 1.9 percentage point reduction. Despite nominal income growth in 2021 and 2022, high inflation rates of 7.2% and 8.6%, respectively, have mitigated real income gains. The disparity is emphasized by the fact that the 12.6% economic growth in 2022 has yet to translate into household income or wage growth, with the impact only starting to show in late 2023 due to almost zero inflation. These insights are supported by an alternative view presented in the fourth diagram, underscoring the intricate relationship between inflation, economic growth, and household income shifts.

Հղում

Թավադյան, Ա. (2024, January 7). Տնային տնտեսությունները աղքատացել են 2022 թվականին. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2024/2024-01-07/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

  • ԶԼՄ հաղորդագրություններ
  • English Summary

Նույն թեմայով

Տնային տնտեսությունների եկամուտները աճել են 2023թ․ Jan 2025
Տրանսպորտի թանկացում․ Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումները և մատչելիության սահմանները Jan 2025
ՌԴ հիմնական տոկոսադրույքի բարձրացում Oct 2023
Հայաստան` Կովկասի վագր, թե՞ թանկ երազանք Dec 2024
Վտանգավոր թվեր․ Հայաստանի տնտեսական «հրաշքի» մութ կողմը Nov 2024
Աշխատավարձի միջինից այն կողմ Oct 2024

Loading…