Սահմանից այն կողմ․ Հայաստանի տուրիստական աճը և հնարավոր անկումը
17 June 2024 Աղասի Թավադյան
Տնտեսություն Հայաստան

Սահմանից այն կողմ․ Հայաստանի տուրիստական աճը և հնարավոր անկումը

Զբոսաշրջություն Այցելուներ Տնտեսություն 5 րոպե

2021 թվականից ի վեր գրանցված տնտեսական աճի հիմքում է նաև զբոսաշրջության զգալի աճը: Առաջին գծապատկերում պատկերված է Հայաստան զբոսաշրջիկների ժամանումների և մեկնումների դինամիկան տարեկան կտրվածքով: Մինչև 2021թ. ժամանող և մեկնող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար էր: Նույնքան զբոսաշրջիկ էր գալիս Հայաստան, որքան մեկնում էր: Առկա էր զբոսաշրջիկների հոսքի տարեկան միջինը 12 տոկոս կայուն աճ: Առկա է նաև զբոսաշրջիկների որոշակի սեզոնայնություն ամռան ամիսներին մոտ 2 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է այցելում, քան ձմռան ամիսներին:*

Գծապատկեր 1.

Ինչպես ցույց է տվել մեր նախորդ հետազոտությունը, երկուսուկես տարվա վերականգնողական և կտրուկ աճից հետո՝ 2023-ի 4-րդ եռամսյակից գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը և ներմուծումը կրճատվել են։ 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին ցույց է տալիս, որ տուրիստական կամ ճանապարհորդական ծառայությունները կրճատվել են գրեթե 2 անգամ՝ 42.6 տոկոսով, չնայած որ տարեկան կտրվածքով տուրիստական ծառայությունների արտահանումը աճել է 23.3 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ դոլարի։ Այսինքն` տուրիստները 2023-ին Հայաստանում գնել են 3 մլրդ դոլարի տուրիստական ծառայություններ։ 2023-ի աճը հիմնականում ձևավորվել էր առաջին 3 եռամսյակների շարունակական աճի հաշվին։ Նշենք նաև, որ 2022 թվականին ծառայությունների արտահանումը աճել է ավելի քան 3 անգամ՝ հիմնականում ի հաշիվ հետհամաճարակային վերականգնման աճի, ռուսական տուրիստների և ռելոկանտների մեծ քանակությամբ ավելացմամբ։ Առաջին գծապատկերը ցույց է տալիս նաև համավարակի ազդեցությունը զբոսաշրջության հոսքի վրա. արդյունքում 2020 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Հայաստան մարդ չի այցելել, այսինքն՝ այս ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը եղել է 0: Այդ տարի սա մեծ հարված է հասցրել նաև տուրիստական արդյունաբերությանը: 2021 թվականից սկսվեց վերականգնողական աճը, որը պայմանավորված էր նաև Ռուսաստանից մեծ քանակությամբ ռելոկանտների ներհոսքով դեպի Հայաստան: Հատկանշական է, որ եթե մինչև 2020 թվականը ժամանող և մեկնող զբոսաշրջիկների քանակությունը գրեթե նույնն էր, ապա 2021 թվականից հետո ժամանող զբոսաշրջիկների քանակությունն ավելի մեծ աճ է արձանագրել, քան մեկնողներինը:

Գծապատկեր 2.

Նշենք, որ մինչև 2019թ. մեկնող և ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար էր և ուներ կայուն աճի միտում: 2020թ. համաճարակով պայմանավորված՝ զբոսաշրջիկների թիվը զգալիորեն կրճատվեց: 2021-2023 թվականներին գրանցվել է արագ տեմպերով վերականգնողական աճ: Հատկանշական է, որ ի տարբերություն մինչև 2019թ. գրանցված ցուցանիշների, երբ մեկնողների և ժամանողների թիվը գրեթե հավասար էր, այս ժամանակահատվածում՝ ըստ պաշտոնական տվյալների, 1.5 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, քան մեկնել: Բացարձակ տարբերությունը այս 3 տարիների ընթացքում կազմել է 1.65 մլն մարդ: Այսպիսով՝ 2021-23 թվականների ընթացքում Հայաստան է ժամանել 4.86 մլն զբոսաշրջիկ, իսկ մեկնել է 3.22 մլն զբոսաշրջիկ:

Նշենք, որ 2023-ին ժամանողների թիվը արդեն վերականգնվել է և աճ է արձանագրել մինչհամաճարակային 2019 թվականի մակարդակից, սակայն 2023 թվականին Հայաստանից մեկնել է 1.65 մլն զբոսաշրջիկ, որը դեռևս 12 տոկոսով պակաս է մինչհամաճարակային 2019 թվականի շրջանի 1.87 մլն մեկնող զբոսաշրջիկներից:

Գծապատկեր 3.

Մտահոգիչ են նաև զուտ զբոսաշրջության տվյալները (գծապատկեր 3), որոնք ներկայացնում են Հայաստան՝ որպես տուրիստ ժամանածների և մեկնածների տարբերությունը: 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զուտ զբոսաշրջության թիվը կազմել է 55 հազար մարդ, սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում նույն ցուցանիշը կազմել էր 116 հազար մարդ: Փաստորեն, 2024 թվականի առաջին եռամսյակում զուտ ժամանումների թիվը ավելի քան 2 անգամ պակաս է եղել՝ համեմատած 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Նշենք, որ այս ցուցանիշը 2020 թվականի հետհամաճարակային շրջանից սկսած զգալի աճ էր արձանագրում մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը:

Նշենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 450 հազար մարդ, որից 50 տոկոսը կամ 225 հազարը եղել են Ռուսաստանի Դաշնությունից: 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 436 հազար մարդ, որից 42 տոկոսը կամ 184 հազարը եղել են Ռուսաստանից: Փաստորեն, 2020 թվականից հետո առաջին անգամ առկա է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի կրճատում: 2024 թվականի առաջին եռամսյակում 3.2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը նվազել է 18.7 տոկոսով: Նկատվում է նաև Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների տեսակարար կշռի կրճատում:**

Եթե համեմատենք 2024 թվականի առաջին եռամսյակը 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ, առկա է նաև տուրիստների անկում ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից: ԱՄՆ-ից տուրիստական հոսքերը կրճատվել են ավելի քան 2 անգամ (11 հազար այցելուից մինչև 4.9 հազար), Գերմանիայից և Ֆրանսիայից՝ ավելի քան 30 տոկոսով: 2023 թվականի առաջին եռամսյակում այս պետություններից յուրաքանչյուրից ժամանել էր մոտ 5.4 հազար մարդ, իսկ 2024-ի առաջին եռամսյակում՝ արդեն համապատասխանաբար 3.6 ու 3.5 հազար մարդ:

Գծապատկեր 4.

Այս պահին զբոսաշրջիկների աճ առկա է Հնդկաստանից, Վրաստանից և Իրանից: Հնդկաստանից ժամանած զբոսաշրջիկների քանակությունը աճել է գրեթե 2 անգամ: 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 6.7 հազար Հնդկաստանի քաղաքացի (ընդհանուր այցելությունների 1.5 տոկոսը), իսկ 2024 թվականի առաջին եռամսյակում՝ արդեն 13.2 հազար հնդիկ (ընդհանուր այցելուների 3 տոկոսը): Վրաստանից և Իրանից այցելուների աճը կազմել է համապատասխանաբար 25 և 17 տոկոս: 2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստանից ժամանել է 62 հազար մարդ (ընդհանուր այցելությունների 14 տոկոսը), իսկ Իրանից՝ 34 հազար մարդ (ընդհանուր այցելուների 8 տոկոսը):

Նշենք նաև, որ 2024 թվականի առաջին եռամսյակում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով կատարված ուղևորությունները նվազել են 4 տոկոսով՝ համեմատած 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ: 2023 թվականի առաջին եռամսյակի ժամանումների 65 տոկոսը կամ 290 հազար մարդ ժամանել է այս օդանավակայանով, իսկ 2024 թվականի առաջին եռամսյակում ժամանումների 64 տոկոսը կամ 279 հազար մարդ է ժամանել այս օդանավակայանով:

Գծապատկեր 5.

Վերջին գծապատկերը ցույց է տալիս Հայաստանից մեկնող և ժամանող զբոսաշրջիկների տարեկան դինամիկան, ինչպես նաև միջակայքային կանխատեսումը: Կետագծերով ներկայացված է մինչև 2019 թվականի ժամանումների և մեկնումների միջին՝ 12 տոկոսանոց տարեկան աճի թրենդային գիծը: Ինչպես երևում է, 2024 թվականի առաջին եռամսյակում ժամանումների տարեկան ցուցանիշը արդեն հասել է տարեկան թրենդային գծին և ունի նվազման միտում, որը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսական ցուցանիշների, ինչպես նաև ընթացիկ հաշվեկշռի վրա: Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թվաքանակը դեռևս ունի աճի միտում:

  • Ըստ ԶՀԿ մեթոդաբանության՝ «ցանկացած անձ, որն իր սովորական միջավայրից տարբերվող վայր է մեկնում 12 ամսից պակաս ժամկետով, և ում ճանապարհորդության հիմնական նպատակն այլ է, քան այցելած վայրից վարձատրվող գործունեության իրականացումը», համարվում է այցելու: Զբոսաշրջիկը այն այցելուն է, ով առնվազն մեկ գիշեր է մնում այցելած վայրի որևէ կացարանում: Փաստացի՝ մեկ անհատ, եթե տարվա ընթացքում 3 անգամ դուրս գա որպես զբոսաշրջիկ պետության տարածքից, ապա մեկնող զբոսաշրջիկների թիվը կավելանա 3-ով:

** 2023 թվականի առաջին եռամսյակի զբոսաշրջային այցելությունների տվյալները ըստ պետությունների մոտարկված են տարեկան տվյալների հիման վրա, քանի որ հասանելի չէ լիարժեք տվյալների բազան:

Հղում

Թավադյան, Ա. (2024, June 17). Սահմանից այն կողմ․ Հայաստանի տուրիստական աճը և հնարավոր անկումը. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2024/2024-06-17/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Նույն թեմայով

Հայաստան` Կովկասի վագր, թե՞ թանկ երազանք Dec 2024
Վտանգավոր թվեր․ Հայաստանի տնտեսական «հրաշքի» մութ կողմը Nov 2024
Աշխատավարձի միջինից այն կողմ Oct 2024
Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 տոկոսը Երևանում է Oct 2024
Քողարկված անկում. Ինչո՞վ է ապրում Հայաստանի տնտեսությունը Sep 2024
Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը Sep 2024

Loading…